Մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։
Գրանցումը փակ է:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝

  • Նշում են իրենց մասնագիտական տվյալները ըստ 3 մասնագիտության՝ ծրագրավորում, կիբեռանվտանգություն կամ ցանցային ադմինիստրացիա
  • Ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, ռեզյումե և առկայության դեպքում` այլ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագրեր)
  • Գրանցման մասին զորակոչիկը պարտավոր է տեղեկացնել իրենց հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատին

Գրանցված մասնակիցները քննությունից առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։

Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակվելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով չեն կարող հաշվառվել`

  • պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,
  • ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,
  • հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինված ուժերի մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու համար անցկացվող այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:


Հավաստագրման հարցազրույցն անց է կացնում որակավորման հանձնաժողովը։ Մասնակիցները պետք է ներկայանան

  • անձը հաստատող փաստաթղթով
  • տարածքային զինկոմիսարիատից տրամադրված տեղեկանքով
  • ռեզյումեով
  • այլ հավելյալ փաստաթղթերով (դիպլոմ, հավաստագրեր՝ առկայության դեպքում)

Մրցույթը անցկացվում է 2 փուլով։
Առաջին փուլում մասնակիցների գնահատականը որոշվում է համապատասխան մասնագիտական հարցերից բաղկացած գրավոր թեստի արդյունքում: Թեստը բաղկացած է 30 հարցից, ըստ ստորև նշված թեմաների: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 1 միավոր:

  • 1) Ծրագրավորում `
    • ծրագրավորման լեզվի իմացություն
    • օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP)
  • 2) Կիբեռանվտանգություն `
    • վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)
    • ցանցային անվտանգություն
    • կրիպտոգրաֆիա
  • 3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա `
    • օպերացիոն համակարգեր
    • երթուղիչների, կոմմուտատորների աշխատանք

Առաջին փուլի արդյունքում`

  • 23 և ավելի միավոր հավաքած զորակոչիկներն անցնում են որակավորման երկրորդ փուլ,
  • 16-ից 22 միավոր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ,
  • 16-ից ցածր միավոր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «A» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ:

Երկրորդ փուլում, ամեն մի մասնագիտության համար սահմանված յուրաքանչյուր կատեգորիայի համար մրցույթի մասնակիցը գնահատվում է սահմանված գնահատման սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է բոլոր կատեգորիաներում նշանակված և համապատասխան գործակցով ճշտգրտված գնահատականների գումարով: Երկրորդ փուլում զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է համապատասխան մասնագիտության գնահատման մրցութային հանձնաժողովի բոլոր անդամների նշանակած գնահատականների միջին թվաբանականով: Մրցույթի մասնակիցները գնահատվում են 10 բալանոց գնահատման սանդղակով` ըստ ստորև ներկայացված կատեգորիաների և գործակիցների: Յուրաքանչյուր կատեգորիայի համար մասնակիցը գնահատվում է առավելագույնը 10 միավոր, այնուհետև` գնահատականը ձևավորվում է դրանց` գործակիցներով կշռված գումարից:

  • 1) Ծրագրավորում `
    • ծրագրավորման լեզվի իմացություն - 0․15 գործակից,
    • օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP) - 0․15 գործակից,
    • ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ - 0․1 գործակից,
    • ցանցային ծրագրերի նախագծում (Client server architecture) - 0․1 գործակից,
    • տվյալների բազա - 0․1 գործակից,
    • օպերացիոն համակարգեր և զուգահեռ ծրագրավորում (OS, Multithreading) - 0․1 գործակից,
    • նախագծման կաղապարներ (Design Patterns) - 0․1 գործակից,
    • գործնական հմտությունների գնահատում - 0․2 գործակից,
  • 2) Կիբեռանվտանգություն `
    • վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…) - 0․3 գործակից,
    • գաղտնագրություն - 0․15 գործակից,
    • ցանցային անվտանգություն - 0․3 գործակից,
    • պրակտիկ հմտությունների գնահատում - 0․25 գործակից,
  • 3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա `
    • վիրտուալիզացիայի համակարգեր - 0․2 գործակից,
    • սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր - 0․1 գործակից,
    • օպերացիոն համակարգերի իմացություն - 0․15 գործակից,
    • երթուղիչների և կոմմուտատորների, Firewall-ների աշխատանքի իմացություն - 0․2 գործակից,
    • TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն) իմացություն - 0․15 գործակից,
    • գործնական հմտությունների գնահատում - 0․2 գործակից,

Երկրորդ փուլի արդյունքում`

  • 8 և ավելի բալեր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ,
  • 8-ից ցածր բալեր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։

Մրցույթը անցկացվում է առավելապես թափանցիկ՝ մուտքն ազատ է և ընթացքին կարող են հետևել բոլոր ցանկացողները։

ԱՏՄ խմբում ծառայության են անցնում C կարգ ստացած և զորակոչված մասնակիցներից առավելագույն բարձր գնահատականներ ստացած զորակոչիկները` թափուր հաստիքների քանակությամբ (հավասար միավորներով զորակոչիկների միջև ընտրության խնդրի դեպքում կատարվում է վիճակահանություն): Վիճակահանությամբ ԱՏՄ խումբ չնշանակված մնացած C կարգի և B կարգի որակավորում ստացած բոլոր զորակոչիկները մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը, եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում և չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը: Առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա, ինչպես նաև ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը լրացած լինելու դեպքում զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը: Կապի և ԱԿՀ վարչության ԱՏՄ խմբում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման C կարգ:


Մեր մասին

  • Հիմնադրվել է՝

    ԱՏՄԿ խումբը հիմնադրվել է 2013 թվականին:
    Խմբի հիմնական խնդիրներն են ՀՀ ԶՈՒ ավտոմատացված կառավարման համակարգերի, ծրագրային փաթեթների ուսումնասիրումը, մշակումը, ներդրումը և սպասարկումը։

  • «ՀԱՅՏԵՔ» Կիբեռանվտանգության կենտրոն

    «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը՝ առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Կենտրոնի գլխավոր նպատակներից է ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:

  • Ինչու՞ ընդգրկվել արդի տեխնոլոգիաների խումբ

    ԱՏՄԿ խմբում ընդգրկված զորակոչիկները կարող են պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործել իրենց մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

Հետադարձ կապ

ԹԵԺ ԳԻԾ

Հեռախոսահամար` 1-28

09։00 - 18։00, Երկուշաբթի - Ուրբաթ

Զանգահարե՛ք Թեժ գիծ ծառայության անվճար հեռախոսահամարով և ներկայացրեք Ձեր հարցերը